ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

«Գալու է ոչ միայն քարեր հավաքելու, այլև անհրաժեշտ ուղղությամբ նետելու ժամանակը»

«Գալու է ոչ միայն քարեր հավաքելու, այլև անհրաժեշտ ուղղությամբ նետելու ժամանակը»
09.11.2012 | 12:26

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՕԵԿ նախագահ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ:

-Ձեր կարծիքով` ի՞նչ է կատարվում քաղաքական դաշտում:
-Քաղաքական դաշտում այսօր դիրքորոշումների հստակեցման շրջան է: Առաջիկա նախագահական ընտրություններից առաջ այն քաղաքական ուժերը, որոնք հավակնություններ ունեն ընտրություններին մասնակցելու կամ փնտրտուքների մեջ են, փորձում են իրենց դիրքորոշումները ճշգրտել երկու հարթության մեջ: Առաջինը քաղաքական դաշտում` այլ կուսակցությունների, իշխանությունների, ընդդիմության հետ, երկրորդը` հանրային տրամադրություններն ուսումնասիրելով: Դա նորմալ քաղաքական գործընթաց է, արտառոցը, նախորդ նախագահական ընտրությունների համեմատ, այն է, որ դիրքորոշումները նախկինում ավելի շուտ էին արտահայտվում: Մեկ ամիս է մնացել թեկնածուների առաջադրմանը, բայց դիրքորոշումները հստակ չեն: Սա խոսում է այն մասին, որ առաջիկա նախագահական ընտրություններում ակնհայտ ուժեղ թեկնածուները չափազանց քիչ են:
-Այսօր իշխանություն-ընդդիմություն հստակ սահմանազատում կա՞:
-Հստակ սահմանազատում չկա, որովհետև դաշտում այսօր միայն իշխանությունը և ընդդիմությունը չեն. ԲՀԿ-ն իրեն հռչակել է ո՛չ իշխանություն, ո՛չ ընդդիմություն: Սա նորություն է քաղաքական դաշտում:
-Նորությո՞ւն է, թե՞ նոնսենս է, քաղաքագիտության մեջ նման այլընտրանքի կատեգորիա կա՞:
-Ակնհայտ է, որ աշխարհում կա երկու հոսանք` ընդդիմադիր ուժեր և իշխանական ուժեր: Այն ուժերը, որոնք կառավարման համակարգում ընդգրկված չեն, ընդդիմության մեջ են: Կա ավելի արմատական ընդդիմություն, ավելի մեղմ, կառուցողական: ԲՀԿ-ն իրեն հռչակել է այլընտրանք, բայց ո՞ւմ` իշխանությա՞նը, թե՞ ընդդիմությանը, թե՞ երկուսը միասին, տակավին հստակ չէ: Այս կուրսը ԲՀԿ-ի իրավունքն է, և քաղաքագետները կարող են որոշել նման դիրքորոշման հիմնավորվածությունը:
-Վերջերս որոշ քաղաքագետներ քննադատում են ՕԵԿ-ին` ասելով, թե կուսակցությունը կորցրել է իր կշիռն ու ազդեցությունը:
-Սա նորություն չէ մեզ համար: Թույլ և փոքր մարդիկ բարձր ձայնով, կուրացած նախանձից և անկարողությունից, քննադատում են այս երկրում վերջին 5 համապետական ընտրություններում իր մրցունակությունն ապացուցած քաղաքական ուժին, որ վստահ առաջ է գնում: Չեմ կարծում, թե եվրոպական ամենաազդեցիկ ուժը` ԵԺԿ-ն, ՕԵԿ-ին կընդուներ իր շարքերը, եթե այն կշիռ ու ազդեցություն չունենար: Կամ էլ Չինաստանի կոմկուսը պաշտոնական հարաբերություններ կսկսեր ՕԵԿ-ի հետ: ՕԵԿ-ն ամրանալու և զարգանալու է անկախ իր չարախոսների ցանկություններից: Մեր շիտակությունը, քաղաքական դաշտում խաղեր չտալու հստակ դիրքորոշումը ոմանց հանգիստ չեն տալիս: Հիշեցնում եմ դրանց. գալու է ոչ միայն քարեր հավաքելու, այլև անհրաժեշտ ուղղությամբ նետելու ժամանակը:
-Ի՞նչ կասեք ՕԵԿ-ի ընդունելության նոր կարգի մասին: Որքա՞ն է այն համահունչ միջազգային պրակտիկայի հետ, և որքա՞ն է այսօր կուսակցականների թիվը:
-ՕԵԿ-ը բարդացրել է կուսակցության անդամակցության կարգը, և սա խոսում է մեր հավաքական ուժի մասին: Այս կուսակցության անդամ կարող են դառնալ միայն այն մարդիկ, ովքեր փորձաշրջան կանցնեն և կունենան համապատասխան երաշխավորություններ: Սա միջազգային քաղաքական պրակտիկայում ընդունված կանոն է և տարածված թե՛ նույն ԵԺԿ-ում, թե՛ քրիստոնեա-դեմոկրատական համաշխարհային ինտերնացիոնալի անդամ ¥ի դեպ, ՕԵԿ-ը անդամ է այս կառույցի¤ բազմաթիվ այլ կուսակցություններում: ՕԵԿ-ն ունի կուսակցականների հաստատուն և բազմահազարանոց թիմ, ովքեր սոսկ պարզեցված կարգով վերահաստատել են իրենց անդամակցությունը: Իսկ նոր կարգով վերջին ամիսներին անդամագրվել է ավելի քան 10000 մարդ, գործընթացը շարունակվում է, և դեկտեմբերի 22-ի մեր համագումարում կհրապարակենք կուսակցականների թիվը այս տարվա վերջի դրությամբ: Ասեմ, որ սոսկ անդամագրվելու ցանկություն ունեցողները շատ են, և մեր կառույցներն ունեն իսկապես սկզբունքային մարդկանց ընտրելու լավ հնարավորություն:
-Հուշագրի վերաբերյալ տրամագծորեն տարբեր տեսակետներ են շրջանառվում` ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի միջև նոր հուշագրի ստորագրումից հետո նախորդ հուշագիրն ինքնաբերաբար արդեն անվավեր է` սա մեկ, և երկրորդ, որ փետրվարյան հուշագրի կողմերը չեն հայտարարել, որ այն անվավեր է: Իրավականորեն ո՞ր տեսակետն է ճիշտ:
-Դեգերումներն ապարդյուն են: Հուշագիրը իրավական փաստաթուղթ չէ, այլ քաղաքական: Ընդհանրապես քաղաքական ուժերի միջև ստորագրված փաստաթղթերը քաղաքական են և իրավական հետևանքներ չեն առաջացնում` սա մեկ, և երկրորդ` ես չեմ կարծում, որ դա հայոց հարցն է, և ամբողջ քաղաքական դաշտը պիտի վերլուծի ու որոշի` ուժի մե՞ջ է, թե՞ ուժի մեջ չէ հուշագիրը: Փաստն այն է, որ ժամանակին, երբ եղել է կոալիցիա, ստորագրվել է նման փաստաթուղթ, ընտրություններից հետո քաղաքական ուժերից մեկը կոալիցիայի մաս չի դարձել: Եթե այդ քաղաքական ուժը Սերժ Սարգսյանին աջակցելու ցանկություն ունի, պետք է հայտարարի, եթե չունի, անընդհատ ասել, թե հուշագիրն ուժի մեջ է, ու դու պիտի սատարես, տեղին չէ, պատասխանի տերը ԲՀԿ-ն է: Իրենք պետք է որոշեն, թե առաջիկա ընտրություններում ինչ դիրքորոշում են որդեգրում: Քաղաքական կուսակցությունները պիտի իրենց դիրքորոշումները հստակ հայտնեն: Կգա ժամանակը, և ԲՀԿ-ն այդ քայլը կանի: Իսկ ընդհանրապես նշեմ` մենք համոզված ենք, որ մեր թեկնածուն ունի հաղթելու բավարար ներուժ, և մեզ առանձնապես չի մտահոգում այլոց դիրքորոշումը, չժխտելով հանդերձ առավել լայն կոնսոլիդացման կարևորությունը այս հարցում:
-ՕԵԿ-ն անխա՞խտ է իր դիրքորոշման մեջ:
-«Օրինաց երկիր» կուսակցությունը դեռևս 2008 թվականին նախագահական ընտրություններից հետո ստորագրել է փաստաթուղթ, ստեղծել է քաղաքական կոալիցիա: Դեռ 2008-ին եմ ես հայտարարել, որ Սերժ Սարգսյանի երկու ժամկետների ընթացքում «Օրինաց երկիրը» պաշտպանելու է նրա թեկնածությունը: Պատճառը շատ պարզ է. մարդը, որ ընտրվում է նախագահ, պետք է կարողանա լիարժեք աշխատել իր ծրագրերը, իր բարեփոխումներն իրականացնելու համար: Մենք մեր խոսքի տերն ենք:
-Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիային առնչվող իրադարձություններից հետո, այնուամենայնիվ, Փարիզում Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունները վերսկսվեցին: Դա ընդամենը շարունակությո՞ւն էր, թե՞ հարցի լուծման նոր տարբերակներ կարող են լինել: Մասնավորապես, ռուսական լրատվամիջոցներն ակնարկեցին, որ քննարկվում է ստատուս քվոյի փոփոխության հարց:
-Սաֆարովի հայտնի դեպքից հետո Հայաստանում տեղի ունեցավ Անվտանգության խորհրդի նիստ, կայացվեցին բավականին վճռական որոշումներ` Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու, Ադրբեջանի անպարկեշտ պահվածքին որակումներ տալու: Բնականաբար, այդ իրադեպը լարում էր մտցրել հայ-ադրբեջանական հարաբերություններում, ինչն ուղղակիորեն անդրադառնում էր կարգավորման գործընթացի վրա: Փարիզյան հանդիպումը ցույց տվեց, որ Հայաստանը կարող է անհրաժեշտության դեպքում ցուցաբերել կոշտ, սկզբունքային դիրքորոշում, միևնույն ժամանակ կարողանում է իրավիճակային պահերից վեր կանգնել և երկրի, ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի համար կարևորագույն խնդիրներում առաջնորդվում է նրանց բարձրագույն շահերով: Մենք շարունակում ենք ԼՂ հարցի խաղաղ կարգավորման բանակցությունները` կառուցողական վերաբերմունք ցուցաբերելով ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացը շարունակելու առաջարկին: Չեմ կարծում, որ այսօր կոնկրետ ելքերի մասին կարող ենք խոսել, բայց շատ դրական եմ համարում, որ սառույցը տեղից շարժվեց և գործընթացը շարունակվում է: Մենք պետք է փոխընդունելի փոխզիջումներ գտնենք, նման բարդագույն խնդրում անխոհեմ առճակատումը դրական ոչինչ չունի: Այդ առնչությամբ եղան նաև ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի և ՀԱՊԿ-ի պաշտոնյաների հայտարարությունները, որ ԼՂ խնդիրը ռազմական լուծում չունի, և այլ երկրների և կառույցների, որ նշանակում է` գործընթացը պետք է շարունակվի: Վերջին տարիների զարգացումներն ակնհայտորեն ցույց են տալիս, որ Հայաստանի դիրքորոշումը միջազգային հանրության համար ընդունելի է, և դա դրսևորվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, անդամ երկրների նախագահների, արտաքին գործերի նախարարների հայտարարություններում:
-Մենք չե՞նք ընտելացել այդ հայտարարություններին, որոնց հասարակության համար հայտնի ոչինչ չի հետևում:
-Ես վերջերս վերադարձա Չինաստանից, որ ունի Թայվանի, Հոնկոնգի, Մակաոյի խնդիրներ, որոնք տասնամյակներ շարունակ բանակցային օրակարգում են: Պետք չէ ակնկալել արագ լուծումներ: Մենք լուծման մեր տարբերակն ունենք, դիմացինը` իր, երբ կողմերից մեկը իր լուծումը փորձում է պարտադրել դիմացինին, հանգեցնում է առճակատման: Բանակցային գործընթացին զուգահեռ մենք պետք է կարողանանք ուժեղացնել մեր զինված ուժերը, անվտանգության ապահովման համակարգերը, որովհետև աշխարհը զարգանում է և մրցունակ լինելու, քո որոշումները դիմացինիդ հասկանալի, ինչու ոչ նաև պարտադրելի դարձնելու համար պիտի կարողանաս ամեն ինչի պատրաստ լինել: Խաղաղություն ես ուզում` պատրաստ եղիր պատերազմի: Կյանքը շարունակվում է, և այդ համատեքստում մենք պետք է պետական և ռազմական անվտանգությունն ապահովող ենթակառուցվածքները զարգացնենք:
-Հունգարիայի արտաքին գործերի նախարարությունը վերջերս նոտա էր հղել Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը` դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու խնդրով: Ո՞ր պայմաններում է դա հնարավոր:
-Հունգարիան Հայաստանին թշնամի երկիր չէ, ոչ էլ հունգար ժողովուրդն է հայ ժողովրդի թշնամին: Այդ հարաբերությունները պետք է վերականգնվեն անպայման: Մի իշխանության գործած սխալի պատճառով ժողովուրդների միջև չպետք է սեպ խրվի: Իշխանությունը մարդիկ են, որոնք ընտրությունների արդյունքում կարող են փոխվել: Կարծում եմ` Հունգարիայի հետ անպայման դիվանագիտական հարաբերությունները կվերականգնվեն, ժամանակը ցույց կտա, թե ինչ պայմաններում: Մեր ստացած հարվածը նույնպես խորն է, և այնպես չէ, որ վաղը պիտի մոռանանք ու Հունգարիայի հետ հարաբերությունները շարունակենք: Հունգարական իշխանությունները պետք է հետևություններ անեն: Խորհրդարանական, հանրային, քաղաքացիական ձևաչափերով նրանք ընդունում են իրենց սխալը, բազմաթիվ հոդվածներ ու հրապարակումներ են եղել։
-ԱՄՆ-ի պետդեպարտամենտի մակարդակով էլ անհանգստություն հայտնվեց և բացատրություն ակնկալվեց:
-Մենք պիտի հարցին նայենք Հունգարիայի ներսում հարցի հասարակական ընկալման տեսանկյունից, որովհետև ԱՄՆ-ի պետդեպարտամենտը չի ձևավորում հունգարական իշխանությունը, այլ Հունգարիայի հասարակությունը: Ե՛վ ԱՄՆ-ի պետքարտուղարությունը, և՛ ԵՄ-ն, և՛ Ռուսաստանը, և՛ այլ երկրներ իրենց մտահոգությունն արտահայտեցին, ինչը միարժեք ողջունելի է:
-Ինչո՞ւ էիք մեկնել Մոսկվա և Պեկին, ի՞նչ հանդիպումներ ունեցաք:
-Մոսկվայում ես հանդիպեցի ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի, ԱԽ քարտուղարի, ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի և այլ պաշտոնատարների հետ, քննարկումների շրջագծում հայ-ռուսական հարաբերությունների ողջ օրակարգն էր. և՛ քաղաքական հարաբերությունները, և՛ տարբեր ոլորտներին առնչվող խնդիրները: Լավ արդյունքներ արձանագրեցինք: Առաջին` ստորագրվեց համաձայնագիր ՌԴ և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունների միջև, որի արդյունքում Հայաստանում կստեղծվի տարածաշրջանային խոշոր ենթակառուցվածք արտակարգ իրավիճակների հաղթահարման ոլորտում: Ռուսաստանը նման մի կառույց ձևավորել է Սերբիայում: Երկրորդ` Հայաստանում կստեղծվի ռուսական ռեզերվների տարածաշրջանային կենտրոն, որը կարևոր նշանակություն ունի պետական պահուստների ապահովման տեսանկյունից: ՌԴ-ն Հայաստանում կունենա պահուստների գործակալություն, որն իր կարիքների համար կարող է օգտագործել և Հայաստանը: Սա համատեղ ձեռնարկ է և ռազմավարական նշանակության խնդիրներ է լուծում: Երրորդ` իմ այցի օրերին ստորագրվեց ՌԴ նախագահի հրամանագիրը Հայաստանում «Ռոսգրանիցա» պետական խոշորագույն գործակալության Հայաստանի ներկայացուցչություն բացելու վերաբերյալ: Խոսքը վերաբերում է Իրան-Հայաստան-Թուրքիա-Հայաստան պետական սահմանին, սահմանակետերի վերազինմանը և արդիականացմանը, բոլոր ենթակառուցվածների խոշորամասշտաբ աշխատանքներին: Հաջորդ կարևոր խնդիրը` ՀԱՊԿ-ն ուժեղացնում է իր համագործակցությունը Հայաստանի հետ, մենք ստորագրել ենք 23 կետով փաստաթուղթ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի հետ, որով, ի թիվս այլ քայլերի, կուժեղանա քարոզչական գործունեությունը, կբացվի ՀԱՊԿ-ի ակադեմիա: 1993-ին է ստորագրվել հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիրը, մենք նոր պայմանագիր ենք նախապատրաստում ՌԴ-ի հետ: Դա ևս մեր երկու տարվա աշխատանքի ամփոփումն է: Հայաստանում ընդունել ենք ռազմարդյունաբերության համակարգի զարգացման ռազմավարություն, Մոսկվայում պայմանավորվեցինք ստեղծել հատուկ խորհուրդ` ռազմարդյունաբերության ոլորտում ՀԱՊԿ անդամ երկրների միջև համագործակցությունը խորացնելու համար:
-Եվրասիական միությանն անդամակցության հարց քննարկվե՞լ է Մոսկվայում:
-Եվրասիական միության անդամակցության հարց չկա: Այդ միությունն ինքը դեռ ձևավորման փուլում է, տարբեր խնդիրներ կան ճշգրտելու Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի միջև: Հայաստանը Եվրասիական միության հետ կունենա առողջ, կառուցողական հարաբերություններ: Ռուսաստանը Հայաստանի համար մեծ շուկա է, և մեծ շքեղություն կլինի հրաժարվել Եվրասիական միության հետ համագործակցությունից, որովհետև դա նշանակում է մեր երկիրը զրկել Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի հետ առևտրատնտեսական կապերից: Եվրասիական միությանն ինտեգրումը մեր տնտեսության համար հիմնարար նշանակություն ունի, և համագործակցությունը պետք է հետևողականորեն խորանա: Ասեմ նաև, որ Ռուսաստանից բացի, եղա նաև Չինաստանում` պաշտոնական արդյունավետ արդյունքով բանակցություններ վարելով Շանհայի կազմակերպությանը Հայաստանի անդամակցելու հարցով: Չինաստանի հետ տարածաշրջանային անվտանգության խնդիրներով մշտական գործող ձևաչափ ենք ստեղծել խորհրդակցությունների համար: Եթե Չինաստանի համար մեր դիրքորոշումները դառնում են ընկալելի, մենք տարբեր միջազգային կառույցներում ու ձևաչափերում Հայաստանի դիրքորոշումներին դրական վերաբերմունք ապահովելու մեծ հնարավորություն ենք ստանում: Կարևոր հանդիպումներ եղան և՛ Շանհայի կազմակերպությունում, և՛ Չինաստանի Պետական խորհրդում, առաջիկայում լուրջ համագործակցություն է սկսվելու Հայաստանի և Չինաստանի պետական տարբեր կառույցների միջև:
-Արաբական աշխարհի իրադարձությունների առնչությամբ` տարածաշրջանում Թուրքիայի դերի փոփոխությունը, թուրք-սիրիական հարաբերությունները Հայաստանի համար ի՞նչ նշանակություն ունեն և կունենան:
-Թուրքիան փորձում է տարածաշրջանում առաջատարի դերակատարում ստանձնել, բայց հազիվ թե հաջողության հասնի: Առաջատար դիրքեր ունեցող պետության դերին հավակնելու համար նախ և առաջ պետք է առաջատարի կեցվածքին համարժեք արժանապատիվ դիրքորոշում ցուցաբերել հարևանների նկատմամբ: Թուրքիայի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, մեղմ ասած, ապակառուցողական է, և դա տեսանելի է նաև միջազգային հանրության համար: Պատահական չէ, որ ԵՄ անդամ ոչ քիչ երկրներ բազմիցս մատնանշել են Թուրքիայի ոչ միայն ոչ ժողովրդավար լինելը, այլև Հայաստանի հետ հարաբերություններում ապակառուցողական դիրքորոշումը: Մենք պիտի կարողանանք ժամանակի ընթացքում Թուրքիայի հետ հաստատել նորմալ հարաբերություններ, որովհետև հարևաններին չեն ընտրում, բայց դա չպիտի լինի մեր ազգային արժանապատվության հաշվին, այլ ժամանակի հրամայականով: Գործընթացը սկսված է: Իսկ որ հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանները չեն վավերացնում, առաջին հերթին մեղավորը Թուրքիան է, որն այդ հարցը կապում է ԼՂ հիմնախնդրի հետ, նույն սկզբունքայնությամբ էլ Հայաստանն ասում է, որ արձանագրությունները չի վավերացնի մինչև Թուրքիան չվավերացնի: Հայկական դիրքորոշումը քաղաքակիրթ աշխարհի համար խիստ ընդունելի է, որովհետև նրանք հասկանում են, որ նախապայմաններն այս հարցում տեղին չեն: Թուրքիայի հետ մենք գտնվում ենք հարաբերական անդորրի վիճակում, մեր քայլն արվել է, մնացածը ցույց կտան Թուրքիայում տեղի ունեցող քաղաքական գործընթացները:


Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Հ.Գ.-«Իրատես de facto»-ն շնորհավորում է ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ` ծննդյան օրվա կապակցությամբ, մաղթում բեղմնավոր գործունեություն, առողջ ու ներդաշնակ հարաբերություններ ինչպես ներքին ու արտաքին քաղաքական դաշտում, այնպես էլ` անձնական կյանքում:

Դիտվել է՝ 3466

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ